Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպան Լի Սինվեյը հոդված է հրապարակել «Արմենպրես» լրատվական գործակալությունում «Փոփոխական ու անկայուն ժամանակաշրջանում անփոփոխ է չին և հայ ժողովուրդների անկեղծ բարեկամությունը» վերնագրով։
2025-05-14 19:19

2025 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպան Լի Սինվեյը հոդված է հրապարակել «Արմենպրես» լրատվական գործակալությունում «Փոփոխական ու անկայուն ժամանակաշրջանում անփոփոխ է չին և հայ ժողովուրդների անկեղծ բարեկամությունը» վերնագրով։ Հոդվածի ամբողջական բովանդակությունը ներկայացած է ստորև

Վաղ ամառը՝ բնության բուռն ծաղկունքի ժամանակն է։ Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իններորդ արտակարգ և լիազոր դեսպան։ Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան և առաջին աշատանքը դեսպանի պաշտոնում, երկու կարևոր «առաջիններ», որոնք իմ կյանքի այս փուլում միաժամանակ կարևոր առաքելություն և լուրջ հանձնառություն են։ 

Հայաստանում գտնվելու կարճ ժամանակահատվածում, այս չքնաղ երկիրը արդեն խորը տպավորություն է թողել ինձ վրա։ Հայաստանը՝ գեղատեսիլ լեռներով ու ջինջ աղբյուրներով հիասքանչ երկիր է։ Մեծահամբավ ու վեհ Արագած լեռը լուռ հսկում է այս հնագույն հողը, իսկ կապուտակ Սևանա լիճը սերնդեսերունդ զորացնում է աշխատասեր ժողովրդին։ Ժամանակի փոշուց մգեցած քարաշեն շինությունները լուռ պատմում են հեռավոր դարերի պատմություններ։ Հատկապես հմայիչ է մայրաքաղաք Երևանը։ Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ, անցնելով Հյուսիսային պողոտայով, Օպերային թատրոնում վայելելով հիասքանչ ներկայացում, ապա բարձրանալով Կասկադի աստիճաններով, կարելի է ամբողջությամբ զգալ Առնո Բաբաջանյանի հայտնի երգում նկարագրված «կյանքի քաղաքի» կախարդանքը։

Հայաստանը հարուստ պատմությամբ ու մշակույթով հնագույն քաղաքակրթության օրրան է։ Դեռևս երկու հազար տարի առաջ այն եղել է Մետաքսի ճանապարհի կարևոր հանգույցներից մեկը, որտեղ Արևելքի և Արևմուտքի մշակույթները խաչվելով միաձուլվել են՝ ձևավորելով առանձնահատուկ ինքնություն և ծնելով հարատև ու փառահեղ քաղաքակրթություն։ 

 Էջմիածնի մայր տաճարը, Զվարթնոց տաճարի ավերակները, Գեղարդ վանական համալիրը և այլ մշակութային կոթողներ ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Հայոց այբուբենը, հայկական դուդուկի երաժշտությունը, Քոչարին և այլ հայկական մշակութային տարրեր ճանաչվել են որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն, ինչը բազմաթիվ օտարերկրյա զբոսաշրջիկների գրավում է բացահայտելու այս հմայքը։

Հայաստանը փորձությունների միջով անցած, սակայն անսասան կանգնած երկիր է։ Հայ ժողովուրդը վերապրել է պատերազմներ ու բնական աղետներ, մեծ կորուստներ է ունեցել, անցել է պատմության ծանր ճանապարհով, սակայն պահպանել է իր ուժեղ կամքը, ինքնակատարելագործման ձգտումը և կենսախինդ ոգին։ Հայ ժողովուրդը առանձնանում է իմաստությամբ ու տոկունությամբ, իսկ աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքն ունի զգալի միջազգային ազդեցություն։ 

Չինաստանն ու Հայաստանը հարուստ պատմութուն և խոր մշակութային արմատներ ունեցող երկրներ են։ Հենց այս պատմամշակութային ընդհանրությունն է, որ հնարավորություն է տալիս մեր ժողովուրդներին փոխադարձաբար հասկանալ ու աջակցել միմյանց, դառնալ անկեղծ ու վստահելի բարեկամներ, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության արդյունքում հասնել ամուր և երկարաժամկետ գործընկերության։

Այսօր աշխարհը կանգնած է վերջին հարյուրամյակում աննախադեպ փոփոխությունների շեմին, և բոլոր երկրները միաժամանակ բախվում են թե՛ բացառիկ հնարավորությունների, թե՛ լուրջ մարտահրավերների։

Այս պատմական շրջադարձային պահին պետությունները պետք է դրսևորեն փոխադարձ հարգանք, գտնեն համատեղ եզրեր՝ պահպանելով միմյանց առանձնահատկությունները, գործեն միասնաբար՝ մերժելով պրոտեկցիոնիզմը և միակողմանիությունը, համատեղ ջանքերով պահպանեն արդար ու ողջամիտ միջազգային կարգը և նպաստեն միջազգային ու տարածաշրջանային խնդիրների խաղաղ կարգավորմանը՝ այս ամենով ամրապնդելով խաղաղությունն ու կայուն զարգացումը աշխարհում։ 

Հայաստանը ևս գտնվում է բարեփոխումների և վերափոխման փուլում։ Այս փոփոխական ու անկայուն ժամանակաշրջանում անփոփոխ է մնում չին և հայ ժողովուրդների միջև եղած ջերմ ու անկեղծ բարեկամությունը։ Չինաստանը մշտապես եղել և մնում է Հայաստանի վստահելի բարեկամը և գործընկերը։

Չին ժողովուրդը երբեք չի մոռանա, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին շրջանում ավելի քան 6000 հայազգի կարմիրբանակայիններ մեկնեցին Չինաստանի հյուսիսարևելք՝ մասնակցելու ճապոնական ագրեսիայի դեմ պայքարին՝ արժանապատվորեն գրելով եղբայրության և քաջության անմոռանալի էջեր։

Այս տարի լրանում է ճապոնական ագրեսիայի դիմադրության պատերազմում չին ժողովրդի տարած հաղթանակի և համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի հաղթանակի 80-ամյակը։ Մենք պետք է դասեր քաղենք պատմությունից, իմաստություն ու ուժ ստանանք Երկրորդ համաշխարհային պատերազմի դառն փորձից և հակաֆաշիստական պատերազմի մեծ հաղթանակից, հաստատակամորեն պաշտպանենք միջազգային արդարությունը, վճռականորեն մերժենք բոլոր տեսակի հեգեմոնիզմն ու ուժի քաղաքականությունը՝ համատեղ կերտելու ավելի լուսավոր ապագա ողջ մարդկության համար։

Չինաստանի և Հայաստանի հարաբերությունները գտնվում են կարևոր պատմական հանգույցում, երբ բացվում են մեծ հնարավորություններ տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար։ Իմ նոր պաշտոնի ստանձնման պահին պատրաստ եմ աշխատել հայ գործընկերներիս հետ՝ շարունակելու երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացումը, դրա փոխշահավետ պտուղները կիսելու, երկու ժողովուրդների փոխըմբռնումն ու բարեկամությունը ամրապնդելու, և թույլ տալու, որ պատմական քամին բացի նոր էջ՝ իրական բարօրություն բերելով մեր երկու ժողովուրդների համար։