Моя китайская история
2022-05-04 13:15

“Իմ Չինական Պատմությունը” ծրագիրը իրականացվում է Կոնֆուցիուսի ինստիտուտի նախաձեռնությամբ

Չինաստանն Այսօր,Հունվար 20,2022:Երեկոյան ժամը 20:30-ին մոտ էր։ Մայրիկիցս զանգ ստացա․

– Տաթև՛, արագ տունը կարգի՛ բեր, սառնարանից համեղ ուտելիքները հանի՛ր, գալիս ենք։

-Մաա՜մ , ինչու՞, մե՞նք, ովքե՞ր։

-Ժամանակ չկա, կգանք՝ կհասկանաս։

Քսան րոպեից դռան զանգը հնչում է։ Նայում եմ անցքից, մայրս է երկու չինացիների հետ։ Ինչպես հետո իմացանք՝ կին և ամուսին էին՝ մոտ քառասուն տարեկան։ Եղել էին աշխարհի գրեթե բոլոր երկրներում և այս անգամ ուղղություն ընտրել դեպի հեռու, խորհրդավոր, չնաշխարհիկ Հայաստան։ Զարմացած դուռը բացեցի, ներս հրավիրեցի։ Մայրս ոգևորված ասում է, թե հետո ամեն ինչ կպատմի։ Ներս ենք հրավիրում մեր հյուրերին,այնուհետև նստում սեղանի շուրջ։ Լռություն էր․ նկատեցի, որ ուսումնասիրում են մեզ, մեր տունը։ Ես դեռ նոր էի սկսել սովորել չինարեն և փորձեցի ցույց տալ, որ կարող եմ խոսել այդ լեզվով։ Զրուցում էինք տարբեր թեմաներից՝ որտեղ եմ սովորում չինարեն, արդյոք հետագայում ցանկանու՞մ եմ շարունակել ուսումնասիրել չինարեն։ Կիսվեցին Հայաստանի մասին իրենց տպավորություններով՝ համեղ ուտելիքներ, հյուրասեր մարդիկ, գեղեցիկ վայրեր։ Նրանք շատ ուրախ էին, որ, լինելով Չինաստանից շատ հեռու, կարող էին խոսել իրենց լեզվով, հանդիպել հայ ուսանողի, ով մեծ հաճույքով և ոգևորությամբ սովորում է չինարեն։ Պարզվեց, որ մոլորվել էին, իսկ մայրս պատահաբար հանդիպել էր, հրավիրել մեր տուն։ Չնկատեցինք, թե ինչպես մթնեց։ Հրաժեշտ տալիս փոխանակվեցինք համարներով և պայմանավորվեցինք հաջորդ օրը միասին նախաճաշել, այնուհետև գնալ թանգարան։

Առավոտյան՝ 8:30-ին, հանդիպեցինք, միասին ճաշեցինք։ Գնացինք Սարյանի տուն-թանգարան։ Հիացած էին Սարյանի գույների համադրությամբ, որոնք արտացոլում էին իրենց տպավորությունները Հայաստանի մասին, նույնքան ջերմ, արևոտ, ծիրանոտ։ Օրվա վերջում հրաժեշտ տվեցինք միմյանց, փոխանակվեցինք wechat-ներով։ Ասեցին, որ երբ Չինաստանում լինեմ, կապ հաստատեմ իրենց հետ։ Պատասխանեցի, որ եթե մի հրաշալի օր լինեմ Չինաստանում, անպայման կզանգահարեմ։ Սիրով համաձայնվեցի․ այդ պահին ես անգամ կասկած չունեի, որ տարիներ անց ես կլինեմ Չինաստանում, և ավելին, կսովորեմ Չինաստանի համալսարաններից մեկում։

Երկու տարի անց, սովորելով Կոնֆուցիուսի ինստիտուտում, հանձնեցի չինարենի քննությունները։ Հաջորդ ամսին դիմեցի Դալիանի համալսարան և ընդունվեցի։ Ուրախությանս չափ չկար, որ սովորելու էի Չինաստանում։

Ձմեռ էր, մոտենում էին ձմեռային արձակուրդները։ Քննություններից հետո ես և ընկերուհիս որոշեցինք գնալ Պեկին։ Ցանկանում էինք բացահայտել Պեկինը, շրջել թանգարաններով, այցելել Արգելված քաղաք։ Հավաքեցինք ճամպրուկները և ճանապարհ ընկանք։

Ծանր ճամպրուկներով փորձում էինք գտնել մեր հյուրանոցը։ Չափազանց հոգնած էինք և հուսահատված։ Այդ պահին կայծակնային արագությամբ հիշեցի այն երկու չինացիներին, որոնք մոլորվել էին Երևանում։ Հեռախոսում դեռ պահպանել էի իրենց համարները։ Մի քանի րոպե անց գրեցի հաղորդագրություն, որ ես և ընկերուհիս Պեկինում ենք։ Նույն պահին պատասխանեցին, թե այս պահին որտե՞ղ ենք գտնվում, և որ արդեն գալիս են մեր ետևից։ Շատ էինք զարմացել, որ նույն պահին արձագանքեցին։ Ի վերջո նաև հասկանում էինք երկու մայրաքաղաքների մեծությունների տարբերությունը։ Հնարավոր է, որ շատ հեռվից էին ճանապարհ ընկել։ Որոշեցինք նստել մի սրճարանում, սուրճ խմել և սպասել նրանց։

Մեկ ժամ անց նկատեցի ծանոթ դեմքեր։ Շատ էի ուրախացել։ Անհավատալի էր, որ երկու տարի անց կրկին հանդիպեցի նրանց։ Այդ պահին հասկացա, թե ինչ զգացում ես ունենում օտար վայրում մոլորվելիս, իսկ այնուհետև ծանոթ դեմքեր հանդիպելիս։ Միասին զրուցում էինք, պատմում էինք մեր արկածները։ Զարմացան, որ արագ խոսում էի չինարեն լեզվով, ինչպես իմ հարազատ լեզվով։ Այնուհետև առաջարկեցին տանել մեզ հյուրանոց, սակայն ասեցին, որպեսզի չեղարկենք մեր հյուրանոցի համարը, քանի որ մնալու ենք իրենց տանը։

Այդպես էլ արեցինք։ Գնացինք իրենց տուն։ Գեղեցիկ, չինական ոճով տուն էր։ Այնքան գեղեցիկ էր, որ հեռախոսով մի քանի նկար արեցի, որպեսզի մայրիկիս ուղարկեմ։ Սենյակում կար մեծ քարտեզ, որի վրա նշված էին այն երկրները, որտեղ եղել էին։ Օղակի մեջ տեսա նաև Հայաստանը։ Իրենց տանը մնացինք երեք օր։ Առավոտյան նախաճաշում էինք, այնուհետև քաղաքով զբոսնում, իսկ երեկոյան երկար զրուցում էինք, թեյ խմում։ Երեք օր անց միմյանց հրաժեշտ տվեցինք և եկանք օդանավակայան։ Հինգ ամիս անց վերադառնում էինք Հայատան։ Փորձում էի մտքերս հավաքել, որպեսզի ոչ մի իրադարձություն բաց չթողնեմ։

Մի քանի օր առաջ աշակերտներիս հանձնարարել էի գրել մի փոքր պատվածք իրենց չինացի ընկերների մասին։ Ընթերցելիս իրենց պատվածքները, հիշեցի իմ չինացի ընկերներին, որոնց հետ մինչև օրս կապ ենք պահպանում և պլանավորում ենք հանդիպել:

Մանասյան Տաթևիկ