2025 թվականի նոյեմբերի 12-ին Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության էջում հրապարակել է իր հեղինակային հոդվածը՝ «Կիսվել զարգացման հնարավորություններով և միասին ստեղծել գեղեցիկ ապագա» վերնագրով, որտեղ ներկայացրեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի 20-րդ գումարման 4-րդ լիագումար նիստի ոգին և 2026–2030 թվականների 15-րդ հնգամյա ծրագիրը:
Ստորև ներկայացվում է հոդվածի ամբողջական տեքստը.

Հոկտեմբերի 20-ից 23-ը Պեկինում տեղի ունեցավ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի 20-րդ գումարման 4-րդ լիագումար նիստը, որը լայն ուշադրության արժանացավ միջազգային հանրության կողմից։ Նիստը նշանակալի իրադարձություն էր, որը տեղի ունեցավ այն կարևորագույն ժամանակահատվածում, երբ Չինաստանը մոտ է 14-րդ հնգամյա ծրագրի հիմնական նպատակների և խնդիրների հաջող իրականացմանը, և մտնում է համապարփակ սոցիալիստական արդիականացման ուղղությամբ կայուն առաջընթացի նոր փուլ:
Նիստի ընթացքում քննարկվեց և ընդունվեց «Չինաստանի Կոմունիստական կուսակցության առաջարկությունը 15-րդ հնգամյա ազգային-տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրի մշակման վերաբերյալ», որը ներկայացնում է Չինաստանի գլոբալ զարգացման մեծ ծրագրի կոնցեպտը առաջիկա հինգ տարվա համար։ Այս փաստաթուղթը նաև արտացոլում է Չինաստանի գլոբալ տեսլականը՝ «Կիսվել զարգացման հնարավորություններով և ստեղծել գեղեցիկ ապագա աշխարհի այլ երկրների հետ համատեղ»։
Նիստի ոգու և 15-րդ հնգամյա ծրագրի բովանդակության ճիշտ ընկալումը կարևոր նշանակություն ունի Չինաստանի արագ զարգացման ֆենոմենի բացատրման և Չինաստանի հետ ապագա համագործակցության ուղղությունների որոշման համար։
I. Չինաստանի սոցիալ-տնտեսական զարգացման լուսավոր հեռանկարները։
14-րդ հնգամյա ծրագրի իրականացման ընթացքում Չինաստանը հասավ նոր խոշոր առաջընթացների, խորքային փոփոխությունների և պատմական ձեռքբերումների՝ սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում։
Լուրջ մարտահրավերների և միջազգային իրավիճակի հանկարծակի փոփոխություններով պայմանավորված ցնցումային իրավիճակում, չինական տնտեսությունը պահպանեց կայուն աճի տեմպերը։ Երկիրը վստահորեն պահպանում է աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսության դիրքը, իսկ համախառն ներքին արդյունքը գերազանցում է 130 տրիլիոն յուան (մոտ 18,5 տրիլիոն ԱՄՆ դոլար)։ Միջին տարեկան աճի տեմպը կազմել է 5,5%, ինչը աշխարհի առաջատար տնտեսությունների մեջ ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։
Չինաստանի միջին տարեկան ներդրումը համաշխարհային տնտեսության աճում պահպանվում է մոտ 30%-ի չափով, ինչը նրան դարձնում է գլոբալ տնտեսական զարգացման ամենակայուն և ամենավստահելի աղբյուրներից մեկը։ Այս ամենը ի ցույց է դնում խոշոր երկրի տնտեսության կայունությունը և կենսունակությունը։
Չինական ոճով արդիականացումը և բարձրորակ զարգացումը կայուն տեմպերով առաջ է ընթանում։ Չինաստանի գիտատեխնիկական ներուժը անդադար աճում է, արագանում է այնպիսի ոլորտների զարգացումը, ինչպիսիք են թվային տնտեսությունը, արհեստական բանականությունը, բարձր տեխնոլոգիական մեքենաշինությունը և նոր էներգետիկան։
Աստիճանաբար իրականացվում է անցում քանակական փոփոխություններից դեպի որակական փոփոխություններ, միջին-ցածր սեգմենտից դեպի միջին-բարձր սեգմենտ, «Արտադրված է Չինաստանում» մոդելից դեպի «Ստեղծված է Չինաստանում» մոդել, ինչը նշանավորում է երկրի զարգացման կառուցվածքի և որակի լայնածավալ փոփոխությունը։
15-րդ հնգամյա ծրագրում հստակ նշվում է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում Չինաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական նպատակներն են՝ բարձրորակ զարգացման ոլորտում նշանակալի արդյունքների հասնելը, գիտատեխնիկական ինքնուրույնության և նորարարական կարողությունների զգալի բարձրացումը, համապարփակ բարեփոխումների խորացման նոր առաջընթացների ապահովումը, հասարակության քաղաքակրթության մակարդակի զգալի բարձրացումը, բնակչության կյանքի որակի շարունակական բարելավումը, «Գեղեցիկ Չինաստան» կառուցման գործում խոշոր հաջողությունների հասնելը, ինչպես նաև ազգային անվտանգության համակարգի ամրապնդումը: Այս նպատակների իրականացումը կստեղծի ավելի ամուր հիմք 2035 թվականին սոցիալիզմի համապարփակ արդիականացման հիմնական նպատակներին հասնելու համար:
Այս զարգացման նպատակների շարքի մշակումը վկայում է Չինաստանի խորը վստահության մասին՝ իր ընտրած ուղու և սեփական ուժերի նկատմամբ։ Չինաստանի տնտեսությունը ունի մի շարք առավելություններ՝ հսկայական ներքին շուկա, ամբողջական արդյունաբերական համակարգ և հարուստ կադրային ռեսուրսներ։ Նրա հիմքերը կայուն են, ճկունությունը բարձր է, իսկ ներուժը՝ մեծ։
Բաց, ընդգրկուն, ինքնավստահ և նորարարության ձգտող Չինաստանը, անշուշտ, կդառնա նոր հզոր շարժիչ ուժի աղբյուր՝ համաշխարհային տնտեսության վերականգնման և ողջ աշխարհի ընդհանուր զարգացման համար։
II. «Չինական կառավարման մոդելը» կայունություն և դրական էներգիա է հաղորդում անկայուն աշխարհին։
Հնգամյա ծրագիրը «չինական կառավարման մոդելի» առավելությունների ամենաբնորոշ դրսևորումներից մեկն է։ 15-րդ հնգամյակի գիտական մշակումը, և դրա հետևողական իրականացումը, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից կուտակված պետական կառավարման ամենակարևոր փորձերից է, ինչպես նաև չինական առանձնահատկություններով սոցիալիզմի գլխավոր քաղաքական առավելություններից մեկը։
Մանրամասն մշակված հնգամյա ծրագիրը այն էջն է, որի վրա գրված և հաստատված է Չինաստանի արագ տնտեսական զարգացման և երկարաժամկետ սոցիալական կայունության հրաշքը։
Բարդ գլոբալ իրավիճակում, որտեղ ուժեղանում է պրոտեկցիոնիզմը, տարածվում է ուժի քաղաքականությունը, խորանում են աշխարհաքաղաքական հակամարտությունները և դանդաղում է համաշխարհային տնտեսական աճը, Չինաստանի կարողությունը՝ հաղթահարելու դժվարությունները և ապահովելու կայուն զարգացում, դառնում է առանձնապես արժեքավոր և հազվագյուտ կայունության ու վստահության ձև ամբողջ աշխարհի համար։
15-րդ հնգամյա ծրագրում մի առանձին բաժին նվիրված է բարձր մակարդակի արտաքին բացության ընդլայնմանը։ Այդ բաժնում առանձնացված են չորս հիմնական ուղղություններ՝ ակտիվորեն ընդլայնել ինքնուրույն բացությունը, խթանել արտաքին առևտրի նորարարական զարգացումը, ընդլայնել երկկողմ ներդրումային համագործակցության շրջանակները և համատեղ առաջ մղել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության բարձրորակ կառուցումը։
Այս ուղղությունները հզոր ազդանշան են այն մասին, որ Չինաստանը անշեղորեն հետևում է բացության քաղաքականությանը, ձգտում է «բաց դռներով» զարգացմանը և ցանկանում է կիսվել զարգացման արդյունքներով աշխարհի բոլոր երկրների հետ։
Չինաստանի զարգացումը սերտորեն կապված է աշխարհի զարգացման հետ, իսկ աշխարհի բարգավաճումը անհնար է առանց Չինաստանի։ Այս «համաշխարհային գյուղում» յուրաքանչյուր երկրի, տարածաշրջանի և ժողովրդի ուղիներն ու ճակատագրերը սերտորեն փոխկապակցված են և փոխադարձ ազդեցություն ունեն միմյանց վրա։
Որպես գլոբալ տեսլական ունեցող մեծ երկրի առաջնորդ՝ նախագահ Սի Ծինփինը առաջ է քաշել մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի կառուցման գաղափարը։ Նա, ելնելով ողջ մարդկության ապագայի և մարդկանց բարօրության հանդեպ հոգատարությունից, առաջ է մղում հետևյալ սկզբունքները՝ հակամարտություններն ու առճակատումները հաղթահարել խաղաղ զարգացման միջոցով, բացարձակ անվտանգության փոխարեն խթանել ընդհանուր անվտանգության գաղափարը, զրոյական գումարով խաղերի փոխարեն ձգտել փոխշահավետության, քաղաքակրթությունների բախումները կանխել երկխոսությունների և բանակցությունների միջոցով, իսկ Երկրի պահպանումը ապահովել կանաչ զարգացման ճանապարհով։ Այս սկզբունքները մարդկությանը տալիս են ավելի հստակ ուղենիշներ և ապագայի ավելի պարզ տեսլական։
Նախագահ Սի Ծինփինի նախաձեռնությունները՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ կառուցումը, գլոբալ զարգացման նախաձեռնությունը, գլոբալ անվտանգության նախաձեռնությունը, գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունը և գլոբալ կառավարման նախաձեռնությունը, լայն ճանաչում են ստացել միջազգային հանրության կողմից՝ արտացոլելով Չինաստանի պատասխանատու դիրքորոշումը որպես մեծ պետություն, որը ակտիվորեն մասնակցում է գլոբալ կառավարմանը և իր ներդրումն ունի աշխարհի զարգացմանն ու առաջընթացին։
III. Չինաստան–Հայաստան հարաբերությունները բացում են զարգացման նոր հնարավորություններ։
Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի 20-րդ գումարման 4-րդ լիագումար նիստը հստակ սահմանեց Չինաստանի ապագա զարգացման ուղղությունը և չինական ոճով արդիականացման հետագա առաջմղումը, ինչպես նաև բացեց համագործակցության նոր հնարավորություններ աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 33 տարվա ընթացքում, Չինաստանի և Հայաստանի հարաբերությունները պահպանել են կայուն և առողջ զարգացում՝ ունենալով ամուր հիմք և նշանակալի ձեռքբերումներ։ Այս տարվա օգոստոսին ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարեցին Չինաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին, ինչը դարձավ երկկողմ հարաբերությունների զարգացման պատմության կարևոր փուլանիշ։
Նոր փուլում երկու կողմերը պետք է պահպանեն ավանդական բարեկամությունը, ամրապնդեն փոխադարձ աջակցությունը, խորացնեն համագործակցությունը տնտեսության, առևտրի, մշակույթի, գիտության, տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում՝ ստեղծելով ավելի մեծ բարիքներ երկու ժողովուրդների համար։
Չինաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ բարձրորակ կառուցմանը և չորս գլոբալ նախաձեռնություններում, բազմակողմ համագործակցության իրականացմանը և մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի կառուցման համատեղ առաջմղմանը՝ այդ կերպ բացելով նոր հնարավորություններ միասին գեղեցիկ ապագա կերտելու համար։